ԲՀԿ-ն հայոց քաղաքական մշակութաբանության մեջ շարունակում է նոր անդաստաններ «կերտել»: Այսպես շարունակվելու դեպքում պատեհ է դիմել «քեռի Գինեսին»` յուր «կարմիր» գրքում սերունդների համար ԲՀԿ-ին և յուր սատելիտներին տեղ տալու` հողատարածք հատկացնելու համար:
Ինչո՞ւ:
ա) Քանզի սույն իդեոլոգիկ (իմա` գաղափարական, այլ բան չհասկանաք) կուսակցությունը մի կողմից` հանդիպում է «նախագահ ջանի» հետ, առանց վարանման արտաբերում հայտնի նեյրոլինգվիստիկան («Ես քեզ շա՜տ-շա՜տ-շա՜տ սիրում եմ), ստանում համարժեք պատասխան («Դու ինձ շատ-շատ սիրում ես»):
բ) «Մույս կողմից»` դուրս է գալիս նախագահի մոտից, վերարկուի օձիքը բարձրացնում, գնում է հանդիպելու… բոլոր մնացած ուժերին, բայց, կարծում ենք, առաջին հերթին` Հովհաննես Արգամիչին` վերջինիս հետ խոսելու «անցնող-դարձողից», «գազեթից-բանից», տեղեկացնելու նրան, որ` «էս կողքի սնից կախ էին արած մի քանի հրացան», մի խոսքով, որ ինքը` Գագիկ Նիկոլայիչը, «ղաչաղ» է դառնում` երկրի, հայրենիքի համար էս անապական պահին… դե, ո՜չ, ոչ ղարաբաղյան ֆրոնտ` Սերժ Սարգսյանի հետ նույն ուղղաթիռով մեկնելու, իր աշխարհասփյուռ ջանքերը օգտագործելու, որ ամեն գնով խոցված ուղղաթիռի շուրջ կատարվողը հրապարակային ու հասու դառնա բոլորին, այլ ներքաղաքական խնդրով:
Այն է` ինքը և իրենները «հերոսաբար», հունանավետիսյանաբար դեմ են քվեարկելու Հովհաննես Արգամիչի բյուջեին:
Բարձրաձայնե՞նք, ինչ է ասում նրան Արգամիչը, թե՞ գիտեք (հարգանքներս, պարոն Աբրահամյան. ինչպես կասեր Մաթևոսյանի հայտնի հերոսը. «Դրանք մարդ էլ են ուտում, ընկեր լեյտենանտ», ասել է` նրանք գիտեն, որ բյուջեն անցնելու է, և ձեզանով պայմանավորված խնդիր չեն ունենալու։ Ընդամենը` սա)։
Այսպիսով, պետք է կարծել. կամ ներքաղաքական կյանքում ԲՀԿ-ն առաջնորդվում է Լամբրոզոյի կրեդոյով. հանճարներն ու «մնացյալք» իրար շատ նման են, քանզի «սահմանային վիճակում» են որոշումներ կայացնում. արդյունքում էլ ստացվում են հանճարեղ «գործեր»: Եվ կամ` ԲՀԿ-ն` «մնացյալքի» օրինակով քար է նետում, ու հարյուր խելոք չեն կարողանում նետած քարը փոսից հանել:
Գրեթե նույնական է իրավիճակը Ծառուկյանի, առավել ստույգ` եռյակի «շուրջ» իշխանությունների հետ ոչ միայն բյուջեի, այլև բանակցությունների, մասնավորապես «12 կետի» մասով: «Ժողով» են անում եռյակով` «միտք են անում տխրադեմ», դաշնակցության երբեմնի մինուճար Հակոբյան Ռուբենը դուրս է գալիս «օդայից» և ասում, որ «Չոբան Կարոն սարերի` մի հովի՜վ էր վիթխարի»:
-Ի՜նչ հովիվ, ի՜նչ վիթխարի,- ուրանում է իր եղբորը Զուրաբյան Լևոնը` չանսալով Հրանտ Մաթևոսյանի հավետ հորդորին` «չուրանալ»,- չկա՜ նման բան, մենք իշխանությունների, այն է` Սերժ Սարգսյանի հետ ոչ մի կապ, ոչ մի գործ չունենք:
Խոսում է այսպես Անտանտայի ներկայացուցիչներից մեկը` այդպես էլ չպարզելով` որտեղից է վերցրել այդ միտքը, ով է իրեն լիազորել դա ասելու. ԲՀԿ-ի՞, թե՞ եռյակի անունից է դա ասում, այն ԲՀԿ-ի, որը հանուն ՀԱԿ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ըստ Սամվել Ֆարմանյանի, «փող է բաժանել` ՀԱԿ-ի համար», թե՞ այդ ամենը նա հանում է յուր «մատից»:
ՈՒ հենց այդ պահին մեջլիս է մտնում Լևոն Զուրաբյանի «ոտքը», Զուրաբյանի փոխարեն հերոսաբար ինքնապաշտպանվելով ոչ անհայտ Ֆարմանյանից, ապա հանդես գալիս «ինքնախոստովանական ցուցմունքներով», բաներ ասում` չափն անցնելու, զղջումի և էլի լիքը համամարդկային բաների մասին։ Զուրաբյանի ոտքը կամ Զուրաբյանը` իր ոտքի անունից:
Մի խոսքով, ինչպես ընդունված է արձանագրել լայն հասարակական շերտերի կողմից` Անտանտայում «ոնց որ լրիվ խառնում են սաղ»: Բաց է մնում վերջին հարցը. ի վերջո Զուրաբյանի ոտքը հանդես է գալիս ամբողջ եռյակի՞, այդ թվում` Գագիկ Ծառույկանի, թե՞ բացառապես Լևոն Զուրաբյանի անունից:
Էս դեռ ոչինչ:
«Ոնց որ լրիվ խառնում են սաղ» նաև իշխանության «մատույցներում»: Սերժ Սարգսյանն ասում է` վերանայելու ենք 12 կետերը:
-Ոչ մի 12 աթոռ,- բացականչում է Հովիկ Արգամիչը:
-Չէ, թանկագին Արգամիչ, սա էն աթոռը չէ, սա կետային աթոռն է, - բացականչում է Արգամիչի խոսնակը:
-Հա՞,- հանգստացած «ճշտվում» է Արգամիչն ու նույն հանդիսավորությամբ էլ, ինչպես երկրի առաջին աթոռի ներկայացուցիչն էր հավաստել, արձանագրում է.
-Նայիլ տենք` 12 կետը…
«Նայիլ տեք, որ ի՞նչ անեք, Արգամի՛չ»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ